Jump to content

Վստահության հեռախոս

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինքնասպանության կանխարգելման նշան և վստահության հեռախոս Կալիֆոռնիայի Սան Ֆրանցիսկո քաղաքի Golden Gate կամրջի արևելյան մայթին: Ցուցանակի վրա գրված է. «Ճգնաժամային խորհրդատվություն։ Կա հույս։ Զանգի՛ր։ Այս կամրջից ցած նետվելու հետևանքները ճակատագրական են և ողբերգական»

Վստահության հեռախոս, սոցիալական ծառայություն է, որի նպատակն է անանուն հեռախոսազրույց ունենալ որակավորում ունեցող խորհրդատուի հետ։

Օգտագործման ձև

[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոսակցության ընթացքում բաժանորդին կարող է տրամադրվել տեղեկատվություն և հոգեբանական օգնություն, իսկ բաժանորդը կարող է խորհրդատուին տրամադրել տվյալներ։ Վստահության հեռախոսը հաճախ օգտագործվում է բարդ, հակասական թեմաների խորհրդատվության համար, որոնց քննարկումը անձնական զրույցի միջոցով դժվար է, օրինակ՝ միջանձնային և սեռական հարաբերություններ, թմրանյութերի օգտագործում, հանցագործություններ։

Վստահության հեռախոսը տարածված ծառայություն է նաև իրավական համակարգում. այն հնարավորություն է տալիս հաղորդել կատարված կամ կատարվելիք հանցագործությունների, ահաբեկչական գործողությունների մասին։ Վստահության հեռախոս ունեն Ռուսաստանի դաշնության ոստիկանության բաժանմունքները, թմրանյութերի շրջանառության վերահսկման Ռուսաստանի Դաշնության դաշնային ծառայությունը, Անվտանգության Դաշնային Ծառայությունը, հետաքննչական մարմինները։

Վստահության առաջին հեռախոսները ի հայտ են եկել ԱՄՆ-ում 20-րդ դարի սկզբում։ 1906 թվականի գարնանը բողոքական հոգևորական Գարրի Ուորրենին արթնացրեց հետևյալ բովանդակությամբ զանգը. «Խնդրում եմ՝ հանդիպենք. ես անելանելի վիճակում եմ»։ Հոգևորականը պատասխանեց. «Վաղը եկեղեցին բաց է առավոտից»։ Առավոտյան հոգևորականն իմացավ, որ զանգահարողը կախվել է։ Կատարվածից ցնցված՝ նա թերթում հայտարարություն տվեց.

«Նախքան կյանքից հեռանալը զանգահարեք ինձ օրվա ցանկացած ժամին»։
- Գարրի Ուորրեն

1958 թվականին (այլ տվյալներով 1952 թվականին) Լոնդոնում գործարկվեց վստահության առաջին հեռախոսը։ Հիմնադիրը՝ անգլիկան եկեղեցու հոգևորական Չադ Վարան, թերթում կարդալով ինքնասպանությունների թվի մեծացման մասին, մտածեց, որ այդ մարդիկ հնարավորություն չեն ունեցել խոսել որևէ մեկի հետ, այդ պատճառով դիմել են այդ հուսահատ քայլին։ Նա թերթում հայտարարություն տվեց իր հեռախոսահամարով և խոսելու հրավերով։ Նրան հաճախ էին զանգահարում։ Այդ ժամանակից վստահության հեռախոսները գործում են ամբողջ աշխարհում։

Հիմնական սկզբունքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վստահության հեռախոսով խորհրդատվությունը կառուցվում է մի քանի հիմնական սկզբունքներիների հիման վրա.

  • բաժանորդի և խորհրդատուի անանունություն - նրանք պարտավոր չեն նշել իրենց անունը, անձնական տվյալները, խորհրդատուն հաճախ հանդես է գալիս կեղծանունով, բաժանորդը կարող է ներկայանալ ցանկացած անունով կամ ընդհանրապես չներկայանալ, բաժանորդի հեռախոսահամարը չի գրանցվում. դա մեծացնում է զրուցակիցների անվտանգությունը,
  • գաղտնիություն - զրույցի բովանդակությունը չի ձայնագրվում և չի տրամադրվում երրորդ անձին, զանգի մասին կարելի է հավաքել միայն վիճակագրական տեղեկատվություն՝ խնդրի կատեգորիան, բաժանորդի տարիքը (եթե հայտնել է), նրա սոցիալական դիրքը,
  • տոլեռանտություն - բաժանորդի տեսակետները չեն քննարկվում և չեն քննադատվում, դա հնարավորություն է տալիս ստեղծել հարմարավետ պայմաններ խոսակցության և խնդրի հետ արդյունավետ աշխատանքի համար,
  • զրույցի կառավարում - բաժանորդը կարող է ցանկացած պահի ընդհատել զրույցը, որոշակի պայմաններում դա կարող է անել նաև խորհրդատուն։

Հիմնական սկզբունքներից բացի վստահության հեռախոսի յուրաքանչյուր կիրառող կարող է մշակել խորհրդատվության իր մեթոդներն ու կանոնները։

Խորհրդատուներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Որպես խորհրդատուներ հանդես են գալիս հոգեբանները և կամավորները, ովքեր անցել են մասնագիտական հատուկ պատրաստություն։ Խորհրդատուները սովորում են հեռախոսային խորհրդատվություն անցկացնելու, տոլեռանտության զարգացման հատուկ հմտություններ և տեսական նյութ։ Խորհրդատուի աշխատանքը վերահսկվում է սուպերվիզորների (պրոֆեսիոնալ հոգեբաններիների), հոգեբույժների և սոցիալական աշխատողների կողմից, որոնց խնդիրն է աջակցել խորհրդատուներին։

Ֆինանսավորում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վստահության հեռախոս ծառայության ֆինանսավորումը իրականացվում է մայր կազմակերպությունների կողմից կամ ֆինանսական ֆոնդերի ու դրամաշնորհների հաշվին։ Կամավորների աշխատանքը կարող է լինել անվճար. այս դեպքում մոտիվացիան հիմնավորվում է սեփական հմտությունները զարգացնելու հնարավորությամբ։

Անհրաժեշտ է վստահության հեռախոսը տարբերել թեժ գծից, քանի որ վերջինի դեպքում որպես կանոն հիմնական սկզբունքներն ավելի քիչ են, բացի այդ, չի տրամադրվում հոգեբանական օգնություն, և հիմնական խնդիրը համարվում է տեղեկատվության ստացումը կամ տրամադրումը։

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Романова Е. Работа психолога на телефоне доверия, Методическое пособие. М.։ МГПУ, 2001. 69 с. (ռուս.)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]